Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Աղոթք անձրևի համար և ոչ միայն

Աղոթք  անձրևի համար և ոչ միայն
17.04.2012 | 00:00

Քանի որ այս երկարատև ձմեռվանից հետո վերջապես գարնան ջերմությունն ենք սկսել վայելել, մենք՝ քաղաքի բնակիչներս, հնարավորինս պարտավոր ենք օգնել մեր գյուղերի հայրենակիցներին, ովքեր տքնաջան կռվի մեջ են մտել արևի ու քամու, հողի ու անձրևի և այդ ամենին զուգահեռ զանազան վնասատուների դեմ։ Այո՛, մարդ արարածը, կախված լինելով բնության տատանումներից ու բարեխառնություններից, երբեմն ստիպված է լինում դիմելու ավելի վեր՝ բնության Արարչին, որպեսզի Նա հայրաբար միջամտի և անձրև ուղարկի, կամ էլ հակառակը՝ զսպի բնության աղետաբեր տարրերը, սանձի փոթորիկներն ու դադարեցնի դրանց չափազանցությունը։

Այս մասին նաև ոչ քրիստոնյա ազգերը գիտեն, և նրանք էլ յուրովի են հայցում երկնքի ողորմությունը։ Ոմանք իրենց իմացած կուռքերին են զոհաբերություններ անում, մինչև իսկ սեփական երեխաներին (մի՛ զարմացեք, որովհետև հին ազգերի պատմություններից նաև այդ մասին գիտենք)։

Վերջերս փաստավավերագրական մի ֆիլմ դիտեցի. աֆրիկյան ցեղերից մեկը բարձր սյան վրա շուն էր բարձրացրել և օրերով սոված, ծարավ թողել այդ խեղճ կենդանուն, որ նա վնգստա ու կլանչի այնքան ժամանակ, մինչև իրենց իմացած աստվածը խղճա շանն ու անձրև ուղարկի իրենց երկրի համար, որ այդ շունը նույնպես կերակուր ու խմելիք ունենա։

Իսկ ինչպե՞ս են լուծում այդ հարցերը քրիստոնեական երկրներում. շատ պարզ՝ որդիաբար, քանզի նրանք ամեն օր աղոթում են «Հայր մերը», ուրեմն որդիական իրավունքով են մոտենում երկնավոր Հորը։

ԽՍՀՄ տարիներին կոլխոզի մի նախագահ, որը տարված էր կոմունիստական կեղծ գաղափարներով, մի տարի, երբ տեսնում է, որ իր գյուղի բերքը տապից ու արևից չորանում է, և ինքը, պլանը չկատարելով, սեփական կյանքն է վտանգելու, Սիբիր աքսորվելու ահից, լսում է իր պառավ մոր խորհուրդը, որ միայն Աստված կարող է անձրև ուղարկել։ Վստահելով մոր խոսքին, հրամայում է վարորդին, որ գյուղի պառավներին հավաքի ու տանի կոլխոզի դաշտերը, որպեսզի շուրջը պտտվեն ու աղոթք անեն՝ «բալքի Ասսուց ողորմություն իջնի, իրենց բերնի հացը չկտրի»։ Այդպես էլ անում են, ու հանդից դեռ հետ չեկած անձրևը վրա է տալիս և նրանց բերքն ու բարիքը փրկվում են։ Կոլխոզի նախագահի սիրտն այս անգամ Աստծո ահն է ընկնում. տարիներ շարունակ իր մոր իմացած կենդանի և ամենակարող Աստծուն հայհոյել է։ Նա մի ոչխար է տալիս, որ պառավները տանեն, «մատղեն» (այսինքն` մատաղ անեն) և աղքատների ու իրար մեջ բաժանեն։

Այս մասին կարդանք մի վկայություն ևս, գրված 1895 թ., հեղինակն է Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցին։

«Մի օր Բարսեղ աղան մեզ մոտ հացի նստած ժամանակ, որտեղ էին նաև Էջմիածնից ժամանած վարդապետները, ասաց. «Տարին երաշտ է հայր սուրբեր ջան, ժողովուրդը նեղության մեջ է, ապա դուք յոթ վարդապետ եք այստեղ, եկեղեցու մեջ քարոզեցեք, հսկում և աղոթք արեք այս շաբաթ, գուցե Աստված լսի ձեզ և ժողովրդի աղոթքը և անձրև տա երկրին: Ամենքս ուրախությամբ պատրաստակամություն հայտնեցինք աղոթելու անձրևի համար, հիշելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փրկարար խոսքերը. «Ով խնդրի…»:

Բարսեղ աղան ասաց. «Տեսեք, յոթ վարդապետ եք աղոթողներդ, եթե անձրև չեք բերելու և ժողովրդին չեք մխիթարելու մինչև կիրակի, էլ չմնաք այստեղ, փախեք, որ ժողովուրդը ձեզ չքարկոծի, իսկ եթե անձրև բերեք, ժողովուրդը ձեզ կվարձատրի թե՛ բարոյապես, թե՛ նյութապես: Ամենքս ասացինք համաձայն ենք:

Մի օր ես, մի օր Դանիել վարդապետը քարոզելով եկեղեցու մեջ Հովնան մարգարեի ու Եղիայի գործողության քարոզները, ժողովրդին հրավիրեցինք աղոթակից լինել մեզ պահքով ու ողորմություններով հաշտվել Աստծո հետ, որ կարողանանք Աստծո մեծ ողորմությանը արժանանալ: Եվ այսպես առավոտ ու երեկո, ժամերգությունների վերջերում սահմանված «Տեր ողորմյա» աղոթքը երգելով հասանք կիրակի օրվան: Կիրակի օրվա սուրբ պատարագից հետո հոգևորականներս` զգեստավորված Խաչով, Խաչվառով, թափորանման կարգավորությամբ դուրս գալով սուրբ Աստվածածնի եկեղեցուց, սկսեցինք ծանրաքայլ առաջ գնալ, երգելով սուրբ Հովհաննես Մկրտչի ԱԿ շարականը` «Արեգակն արդարության ծագմանն արուսեակ առավոտու», և հետո սուրբ Հակոբ հայրապետի ԳԿ շարականը` «Հաղթող և սուրբ հայրապետ»-ը, որին անձրևաբեր շարական են ասում: Եվ այսպես երգելով շարականները և քշոցով ու ծնծղայով ձայն պահելով, գետեզերքով մի վերստաչափ գնալով հասանք սուրբ Հովհաննես անունով ուխտատեղին, ուր մեզանից առաջ մատաղի պատասխանատուներն էին եկել, յոթ եզներ ու մի քանի ոչխարներ մորթելով, կերակուրի պատրաստություն էին տեսել ուխտավորների համար, որոնք մոտ 400 հոգի էին և յոթ վարդապետ, 11 քահանա ու 6 դպիր:

Երկինքը պարզ էր ու արև: Բոլորս մեծ հավատքով Աստծո ողորմությանն էինք սպասում, որ անձրև տա, բայց երկնքում ամպի նշան իսկ չէր երևում: Բոլորիս աչքերը դեպի երկինք էին նայում և համայն սրտով աղոթում: Մեծ է հիրավի հավատի զորությունը, դրա համար Քրիստոս Տերը ասաց. «Ով մանանեխի սերմի չափ հավատք ունենա…»: Չէ՞ որ Սուրբ գիրքն ասում է. «Եղիան մարդ էր…» (Հակ. 5.17)

Մի՞թե այսքան բազմության մեջ մի քանի արդարներ չկային, որ Եղիա մարգարեի նման սրտանց աղոթեին և անձրև բերեին: Անշուշտ, շա՜տ կային: Հիրավի մենք հոգևորականներս էինք աղոթողները, բայց ժողովրդի սրտառուչ ու արտասվագին աղաչանքներն ավելի զորավոր էին, ինչպես գրված էր Սուրբ գրքի մեջ. «Աղոթք արդարոց հույժ զորավոր են»:

Վերջապես երբ սկսեցինք անդաստանի օրհնության կարգը կատարել, ուխտատեղի չորս կողմը գլխներից վեր բարձրացրած Խաչով ու Ավետարանով թափոր անել, Աստծո ամենաառատ ողորմությունը հայցելով, հանկարծ Սևանա ծովի հյուսիսային կողմերից սպիտակ ամպեր երևացին, որոնց տեղացիք Քոլի ամպեր են ասում, իսկ քամին՝ Քոլի քամի, այսինքն` անտառի, որ առաջանում է Դիլիջանի ու Գոշ Մխիթարի հարուստ անտառներից: Թե որքան ուրախացրին հետզհետե մոտեցող այդ ամպերը մեզ, միայն Աստված գիտի: Մեր ուրախությանը չափ չկար:

Ավարտելով թափորի կարգն ու աղոթքները, ամենքս, մեծ ու փոքր, դաս-դաս բազմեցինք կանաչ խոտի վրա, Քրիստոսի օրհնած հացն ուտելու: Որից հետո այս ու այն կողմ նստոտած ժողովրդին սկսեցինք բացատրել Աստծո Ավետարանի խոսքը: Խոսքը դեռ չավարտած մեզ հասած ամպերը դարձան թխագույն, իսկ շուտով սևացած ամպերը որոտացին մեր գլխին, ու ահա սկսեց անձրևը կաթկթել ու հետզհետե սաստկանալ: Բոլորս կանգնեցինք մեր տեղերում ու սկսեցինք օրհնել ու փառաբանել Աստծուն Իր անբավ մարդասիրության համար: Շտապ-շտապ հավաքվելով ուզեցինք տուն վերադառնալ, բայց անձրևն այնքան հորդ էր, որ ստիպված քարափների տակ պահվեցինք ու մի կերպ տեղից տեղ փախչելով ոտքից գլուխ թրջված հասանք մեր տները: Մեզ մոտ եկավ նաև Բարսեղ աղան, որի հետ տաք թեյ խմելով տաքացանք: Նա, անչափ ուրախացած անձրևի համար, ասաց. «Օրհնյալ է Աստված, վարդապետներդ ազատվեցիք ժողովրդի տրտունջից, արժանի եք հարգանքի ու պարգևների, հիմա հավատում եմ, որ հայր սուրբեր եք»: Մենք շնորհակալություն հայտնեցինք նրան իր խոսքերի համար, բայց խոստովանեցինք, որ սուրբը մենք չենք, այլ միամիտ ու արդար ժողովուրդը, որի աղոթքն առաջ բերեց այս անձրևը: ՈՒխտավոր ժողովուրդը լավ թրջվեց ճանապարհին, բայց ուրախությունից բանի տեղ չէր դնում, այլ Աստծուն փառաբանելով իրենց օջախներն էին շտապում:

Եկավ անձրևը, լա՜վ եկավ, զովացրեց, լիացրեց աշխարհը: Մինչև երեկո չդադարեց այն ու ամբողջ գիշերը: Հաջորդ օրը նույնպես: Երրորդ օրը, առավոտյան Բարսեղ աղան մեզ մոտ եկավ, ու բարևելուց հետո ասաց. «Վարդապետներ ջան, էս ի՞նչ արեցիք, նոր ջրհեղե՞ղ բերեցիք մեր վրա: Դե հիմա էլ հսկում արեք, որ անձրևը դադարի»: Մենք էլ կատակով ասացինք. «Յոթ եզ մորթեցիք, որ անձրև գա, հիմա էլ ուզում եք առանց նեղության անձրևը կտրվի՞, դե յոթ եզ էլ մատաղ արեք, որ անձրևը կտրվի»: Աղոթքից կես օր չանցած անձրևը դադարեց:

Այս պատմությունը գրեցի նրա համար, որ հավատով մարդիկ ավելի հաստատվեն իրենց հավատի մեջ, ու բարի գործեր խառնեն իրենց հավատին, իսկ անհավատ մարդիկ կարդան, լսեն ու ամաչեն, որ ուրանում են Աստծո մեծ զորությունն ու ողորմությունը:

Ասենք որ Արամոնս (Արամուս) գյուղում պատարագից հետո վերացման սուրբ Խաչի տոնի առթիվ, երբ ժողովուրդը դաս-դաս բազմելով խոտերի վրա ճաշակում էր, հանկարծ երկինքը որոտաց, ու կարկտախառն անձրև սկսվեց: Իսկույն հնչեցրին եկեղեցու զանգերը, իսկ քահանան ներսում կարդում էր Նարեկյան «Գոհանամք զքեն բարեգութ» (ԺԲ գլուխ) աղոթքը: Այդ սովորությունը եկել է մեր հայրերից ու պապերից: Շատ չանցած կարկուտը տեղի է տալիս ու դադարում է։

Մեզ, այս ժամանակների տեխնիկային՝ հակակարկտային թնդանոթների վրա հույս դնողներիս, երբ կարկուտը ոչ մի թնդանոթի ու տեխնիկայի չնայելով, երբ ուզում գալիս ու իր պատիժը թափելով գնում է, թող մեր հավատավոր պապերի խրատական այս վկայությունները դաս ու խրատ լինեն, ու իրենցից բան սովորենք ու երկնքի ողորմության դռները չփակենք մեր թերամտությամբ։

Մի քրիստոնյա ծանոթ պատմում է, որ անցյալ տարվա գարնանային սաստիկ ու անսպասելի կարկուտներից հետո եղել է գյուղերից մեկում, որտեղ բոլորը մթներես ու տխուր, լաց լինելու աստիճանի ափսոսում էին փչացած խաղողի այգիների համար։ Չնայած հակակարկտային բոլոր թնդանոթները կրակել են, բայց, միևնույն է, կորուստը ահավոր է եղել։ Գյուղից դուրս գնալուց հետո որոշում են մի կտոր հաց ուտել, մեքենայի առաջամասի վրա դնում են իրենց պանիրհացը, սովորության համաձայն նախ խաչակնքում են ու աղոթում և գոհանում Աստծու տված այդ կերակուրի համար և խնդրում, որ օրհնի իրենց ճաշակելիքը։

Մոտով մի գյուղացի էր անցնում, որ տեսնելով նրանց խաչակնքումն ու լսելով աղոթքը, կանգ է առնում և զարմացած հարցնում. «Խի ըսենց բան էլ կա՞ էս դարում»։

Նրան պատասխանում են, որ որպես քրիստոնյա, մեր պապերի նման կերակուրը ճաշակելուց առաջ պարտավոր ենք նախ շնորհակալ լինել Աստծուն` տվածի համար, և Իր օրհնանքը խնդրել։

Խոսքուզրույցի ժամանակ քրիստոնյա իմ ծանոթը հարցնում է այդ գյուղացուն. «Էս ձեր գյուղից քանի՞ հոգի գիտես, որ կիրակի օրը գնա սուրբ պատարագի մասնակցի. եկեղեցին էլ հենց ձեր կողքի գյուղում է»։

Նա պատասխանեց. «Ինչքան որ ճանաչում եմ մեր գյուղացիներին, մեզանից ոչ ոք էլ եկեղեցի չի գնում, ու սկի չգիտենք էլ` ինչ է պատարագը»։

Այդ ժամանակ քրիստոնյան ասում է. «Բա որ դուք Աստծուն մոռացել եք ու Իր տունը, որ եկեղեցին է, չեք գնում, աղոթք էլ չեք անում, ինչպե՞ս եք ուզում, որ Աստված ձեր բերքն ու բարիքը օրհնի։ Որ գիրանաք, չաղանաք ու ավելի մեծ մեղքերի մե՞ջ մտնեք»։

Մինչդեռ հնում մեր քրիստոնյա պապերը ցանելուց առաջ սերմացուից մի մաս առանձնացնում, տանում են եկեղեցի ու քահանային խնդրում, որ օրհնի այն, ինչպես որ մատաղի աղն են տանում և օրհնել տալիս։ Հետո սերմացուն բերում են տուն, խառնում ընդհանուրին ու ցանելիս այս աղոթքն անում.

«Էս մի բուռն անցավորականին,

Էս մեկն էլ թռչուններին,

Էս էլ աղքատներին.

Ըռլան-թռլան,

Կերեք իմ ցանածից, կշտացեք

Եվ իմ ցանածին բարաքաթ ասեք»։

(Այս աղոթքի մեջ անցավորական ասելով՝ նկատի ունի ննջեցյալների համար արվող ողորմություններն ու մատաղները)։

Իսկ երբ հասնում է բերքը, հավաքում են շտեմարանները, գյուղացին ստացած բերքից ամենից առաջ բաժին է հանում եկեղեցուն ու քահանային, ինչը կոչվում է երախայրիք, այսինքն` բերքի առաջին պտուղը, որպեսզի իր ունեցածի մեջ Աստծո օրհնանքի «թթխմորը» խառնվի (ինչպես որ սերմացուի մեջ աղոթքով Աստծո օրհնանքը մտավ), որ բարի և առողջ վայելում լինի, ուրախ նպատակների ծառայի։

Որովհետև մեր հավատավոր պապերը, Աստծո խոսքին ծանոթ լինելով, գիտեին, որ Տերն ասել է. «Եթե ուշադրությամբ լսես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տեր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էությամբ, ապա նա ձեր երկրին կտա ըստ ժամանակի պահանջվող առաջին ու վերջին անձրևը, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու յուղը: Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունի համար: Կուտես և կհագենաս: Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց: Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս երկրից, որ Տերը տվել է ձեզ:

Այս խոսքերը ի պահ դրե՛ք ձեր մտքում ու ձեր հոգում» (Բ Օրենք,11.12-18)։

Աստծո խոսքից ու հայոց պատմություններից այս ամենը ճռաքաղեց

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն